ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Խոստումնե՞ր, թե՞ իրականություն

Խոստումնե՞ր, թե՞ իրականություն
07.11.2008 | 00:00

ԲՅՈՒՋԵ-2009
2009 թ. պետական բյուջեի նախագիծը հավակնում է տարբերվելու նախորդ տարիների բյուջեներից միանգամից մի քանի հատկանիշներով:
Նախ` առաջին անգամ այն ներկայացված է օրենքի տեսքով և շարադրված է համապատասխան հոդվածներով (1-13):
Երկրորդ՝ նախորդ տարիների համեմատ նվազագույնի է հասցված բյուջեի դեֆիցիտ-բյուջե հարաբերակցությունը (մոտ 1%):
Երրորդ՝ կրճատվել է դեֆիցիտի ֆինանսավորման մեջ արտաքին աղբյուրների տեսակարար կշիռը, և համապատասխանաբար ավելացել է դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների բաժինը։
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ
(ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Գումարը
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ (հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ 40 049 175,0
այդ թվում՝
ա) ներքին աղբյուրներ՝ 30 557 724,1
բ) արտաքին աղբյուրներ՝ 9 491 450,9
Հհամեմատության համար նշենք, որ ընդամենը յոթ տարի առաջ պետական բյուջեի դեֆիցիտն ամբողջությամբ (100%-ով) ֆինանսավորվում էր արտաքին աղբյուրների, ավելի կոնկրետ՝ ՍԱԿ-1, 2, 3, 4 վարկերի հաշվին:
Չորրորդ՝ առաջին անգամ եկամուտների հավաքագրումը ծրագրված է հասցնել ռեկորդային` 905,5 մլրդ դրամի:
Գումարը
(հազար դրամներով)
1. Եկամուտների գծով՝ 905 400 595,0
2. Ծախսերի գծով՝ 945 449 770,0
3. Դեֆիցիտը (պակասուրդը)՝ 40 049 175,0
Հինգերորդ՝ առաջին անգամ պետական բյուջեի նախագիծը վաղօրոք ներկայացվեց ՀՀ ԱԺ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ պատգամավորներն անգամ առիթ չէին ունենում մինչև վերջ ընթերցելու տարվա կարևորագույն ֆինանսական փաստաթուղթը` այն հաստատելուց առաջ:
Իհարկե, չի կարելի պնդել, որ տրված ժամանակում բոլոր օրենսդիրները բարեխղճորեն ծանոթացել են պետբյուջեի նախագծին և ի վիճակի են ձևավորել ու արտահայտել դրա վերաբերյալ իրենց սեփական տեսակետը:
Այս ամենը` դրական փոփոխությունների և որոշ ձեռքբերումների մասին: Իսկ հիմա մի քանի այլ նկատառումներ՝ մտահոգությունների վերաբերյալ:
Առաջին կարևորագույն բացթողումը, մեր համոզմամբ, կենսապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկի բացակայությունն է, իսկ որ ավելի կարևոր է` դրա հաշվառումը նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների նվազագույն շեմը սահմանելիս: Այլապես ակնհայտ կդառնա, որ անգամ հանրօգուտ աշխատանքով զբաղվողներից նրանք, ում վճարում են նվազագույն աշխատավարձ, ի վիճակի չեն հաղթահարելու պաշտոնապես հաշվարկված և հայտարարված աղքատության շեմը:
Երկրորդ՝ պետական բյուջեի եկամտային մասում շարունակում են աճել անուղղակի հարկերը, ինչը վկայում է տնտեսության իրական հատվածի զարգացման խիստ անբավարար մակարդակի մասին: Անհրաժեշտ է պետության տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման արդյունքում հասնել ուղղակի հարկերի տեսակարար կշռի աստիճանական աճի և դրա գերակշռությանը` անուղղակի հարկերի համեմատ:
Երրորդ՝ շարունակում է անբավարար մակարդակի վրա մնալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը: Այս ցուցանիշի գծով՝ 14-15,8%, Հայաստանը 175 երկրների ցուցակում վերջին տասնյակներում է և առայժմ հեռու է քաղաքակիրթ երկրների տնտեսություններին բնորոշ 50-60% ցուցանիշից: Անհրաժեշտ է լրջորեն մտահոգվել երկրի մրցակցային առավելությունների բացահայտման, տնտեսության մրցունակության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ, միաժամանակ հրաժարվելով ստվերի կրճատման երկակի ստանդարտներից:
Չորրորդ՝ 2009թ. պետական բյուջեի նախագիծն ամենևին էլ համարժեք չի արտացոլում ՀՀ կառավարության ծրագիրը, ուր, ի դեպ, ներկայացված են ավելի հստակ տնտեսական կողմնորոշիչներ, որոնք կարիք ունեն գործնական քայլերի: Նկատի ունենալով այն իրողությունը, որ պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության տնտեսական քաղաքականության իրականացման հստակ մեխանիզմ (մեկ տարվա կտրվածքով), ենթադրվում է, որ այն պետք է հանդիսանա տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրի կարևոր փուլերից մեկը և ուղղակիորեն բխի երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական գերակայություններից, տնտեսական ու ռազմական անվտանգության հիմնադրույթներից, ազգային տնտեսության ձևավորման և զարգացման ծրագրից:
Հինգերորդ՝ պետական բյուջեի նախագծում որևէ կերպ խնդիր չի դրվում կրճատելու արտաքին առևտրի և ավելի լայն առումով` երկրի վճարային բացասական հաշվեկշիռը: Մինչդեռ, դատելով առկա միտումներից, 2009-ին կարելի է կանխատեսել արտահանման համեմատ ներմուծման ծավալների քառապատիկ գերազանցում, որը կարող է ավելի խորացնել տնտեսական ճգնաժամը և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ու որպես դրա հետևանք` մասնավոր տրանսֆերտների կրճատման պայմաններում կարող է կտրուկ կրճատել սպառողական պահանջարկն ու շղթայական ռեակցիայով ավելի դժվարացնել երկրի տնտեսական առողջացման գործընթացը: Այս ամենի հետ սերտորեն առնչվում է հաջորդ`
վեցերորդ, մտահոգությունն առ այն, որ պետական եկամուտների մի զգալի մասն ապահովվում է ոչ թե ռիթմիկ գործող տնտեսությունից ստացվող ուղղակի հարկերից, այլ, հիմնականում` սահմանի վրա գանձվող մաքսատուրքերից ու հարկերից: Մասնավորապես, 2008 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 10,3 մլրդ դրամ հավելուրդով՝ գերազանցապես հենց հիշյալ եկամուտների հաշվին: ՀՀ 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 549,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 538,8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում սահմանված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 100,2 եւ 90,2 տոկոսը: Իսկ թե ինչ կլինի այնքան ցանկալի ներմուծման համեմատ արտահանման առաջանցիկ աճի տեմպերի պայմաններում, դժվար չէ պատկերացնել: Ներմուծման կրճատումը կարող է բերել եկամուտների կրճատման, իսկ արտահանման ծավալների ավելացումը եկամուտների կտրուկ աճ չի կարող խոստանալ, քանի որ մեր երկրում արտահանումը հիմնականում ազատված է հարկերից: Արդյունքում բյուջեի համալրման կարևորագույն աղբյուրներն ապագայում կարող են լինել ուղղակի հարկերը եկամուտներից և շահույթներից:
Յոթերորդ՝ ներկայացված օրենքի նախագծում որևէ խոսք չկա գիտության զարգացման վերաբերյալ: Այն գիտության, որն ակնկալվում է տեսնել տնտեսության հիմքում: Գիտելիքահենք տնտեսության, դրա գերակա ոլորտներից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն հստակ ուրվագծել նպատակային ֆինանսավորումը, այլև ներկայացնել Հայաստանի գիտության վերակենդանացման համալիր ծրագիր: Դրա փոխարեն թերակատարվել է «2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով գիտությանը հատկացված ծախսային ծրագիրը: Միաժամանակ,
ութերորդ՝ էականորեն աճել են պետական ապարատի պահպանության ծախսերը, որոնք տեղ- տեղ պարզապես ուռճացված կարելի է համարել: Իսկ որ ավելի կարևոր է, որևէ կերպ չեն հստակեցվել պետական կառավարման մարմիններում որակյալ մասնագետների հանդեպ պահանջարկի պայմանները: Ավելին, պահանջ չի դրվում կառավարման միջին և բարձր օղակներում աշխատանքի տեղավորելիս առաջնահերթություն տալ տվյալ մասնագիտությանը տիրապետող մասնագետների:
Իններորդ՝ որևէ կերպ չի հիմնավորվել բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում պետական պատվերի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումը: Դեռևս հայտնի չէ, թե պետական պատվերով պատրաստվող մասնագետներից քանիսի կարիքն ունի հանրապետության տնտեսությունը, և քանիսն են համալրելու գործազուրկների շարքը:
Վերջապես, պետական բյուջեի նախագիծը կարիք ունի լուրջ վերահաշվարկի` հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ծայր առած ֆինանսական և տնտեսական խոր ճգնաժամը, որը, իհարկե, իր անդրադարձն ունի նաև Հայաստանի տնտեսության վրա:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 9293

Մեկնաբանություններ